Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների հայտարարությունը, որոնք դատապարտել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ առցանց հրապարակված տեսանյութը։ Փաշինյանը նշել է, որ աջակցում է հոգևորականության դիրքորոշմանը։
«Որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ ընդունում եմ այս հայտարարությունը որդիական խոնարհությամբ և նվիրվածությամբ։ Որպես կառավարության ղեկավար՝ ես այն ընդունում եմ վճռականությամբ և անսասանությամբ»,- նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ հոգևորականության համաձայնությամբ պատրաստ է այսօր հանդիպել նրանց հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար։ Հրապարակված հայտարարության մեջ եպիսկոպոսները կոչ են արել «մաքրել Սուրբ Էջմիածինը» «սրբապիղծ հոգևորականից» և նրա պատասխանատվությունը կիսողներից, և քննադատել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դիրքորոշումը։
Հայտարարությանն ներքո հետևյալ հոգևորականների անուններն են՝ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան, Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան, Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան, Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան, Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան, Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան, Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան, Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան, Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան և Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյան։
Հոկտեմբերի 25-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որին կից նշված էր, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է քեռակնոջ հետ»։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից ընթացք էին տվել հաղորդմանը: Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ:





































