Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանական ընտրություններին արտերկրում բնակվող քաղաքացիների մասնակցության արգելքը բացատրել է նրանց վրա «արտասահմանյան իրավասության» և «ֆիլտրված տեղեկատվության» ազդեցությամբ, հայտնում է Грузия Online-ը։
«Երբ մարդը բնակվում է մեկ այլ իրավասության մեջ, նա ազդում է համապատասխան իրավասության վրա, մինչդեռ ընտրողն ընտրություն կատարելիս պետք է ենթարկվի միայն իր իրավասությանը և դրա ազդեցության տակ լինի: Սա է տարբերությունը: Միայն այդ դեպքում կարող է պաշտպանվել պետական ինքնիշխանության սկզբունքը: Երկրորդ՝ ընտրողը պետք է գիտակցված ընտրություն կատարի: Երբ մարդն ապրում է արտասահմանում, նա լիովին կախված է ֆիլտրված տեղեկատվությունից»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետի կարծիքով՝ քաղաքացին կարող է գիտակցված ընտրություն կատարել միայն այն դեպքում, եթե անձամբ «ծանոթանա երկրի շրջակա միջավայրին և դրա հիման վրա որոշում կայացնի այս կամ այն քաղաքական կուսակցությանը սատարելու մասին»: Կոբախիձեն նաև հայտարարել է, որ նախկինում ընտրություններից առաջ վրացական սփյուռքն «օգտագործվել է շահարկումների համար»:
«Սեփական քաղաքական որոշում կայացնելիս պետք է նվազագույնն առաջնորդվի չֆիլտրված տեղեկատվությամբ։ Փաստարկներն այստեղ շատ հիմնավոր են։ Գոյություն ունի նաև միջազգային պրակտիկա, ուստի և՛ իրավական, և՛ ընդհանուր ռացիոնալիզմի տեսանկյունից այդ որոշումը թերություններ չունի»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է փոփոխություններ մտցնել ընտրական համակարգում, որպեսզի խորհրդարանական ընտրություններին հնարավոր լինի քվեարկել միայն Վրաստանում գտնվելու ժամանակ: Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է գաղափարը՝ որպես «վերադարձ ԽՍՀՄ» և երկրի լիակատար մեկուսացման քայլ: Ընդդիմությունը վստահ է, որ խնդիրն այլ է. 2024 թվականի ընտրություններում «Վրացական երազանքը» ձախողվել էր արտերկրում, ուստի այժմ ցանկանում է քվեարկություն անցկացնել միայն երկրի ներսում:





































