Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երեք տարբեր քրեական վարույթների շրջանակում վերջին օրերին հարցաքննության է հրավիրվել՝ որպես վկա, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա մանրամասնել է, որ քրեական վարույթներից մեկը, որով Արշակ սրբազանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, վերաբերում է իրեն վերագրվող տեսագրության տարածմանը։ Հարցաքննության ընթացքում սրբազանը հայտնել է, որ տեսագրությունն իր հետ որևէ առնչություն չունի։
Մյուս երկուսը, ըստ փաստաբանի, «խայտաբղետ», «զարմանահրաշ», տարօրինակ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներ են, որոնց շրջանակներում Արշակ սրբազանը հարցաքննվել է որպես վկա, սակայն՝ կասկածի շուրջ, այսինքն՝ ունեցել է փաստացի մեղադրյալի կարգավիճակ։
«Հաշվի առնելով, որ բոլորս գիտենք, թե այս ամենը որտեղից է գալիս, ով է այս ամենի թիկունքում կանգնած, ակնհայտ է, որ սա եկեղեցու նկատմամբ քաղաքական և ոչ միայն քաղաքական ճնշումների շրջանակի մեջ է գտնվում։ Սրբազանը հայտնել է, որ չի վստահում նախաքննական մարմնին և, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ասել է Բաբայանը։
Փաստաբանը տեղեկություն չունի, թե ո՞ւմ հաղորդման հիման վրա է նախաձեռնվել քրեական վարույթը, սակայն նշել է, որ անհեթեթությունները, ինչի շուրջ նախաձեռնված են քրեական վարույթները, կարելի է տեսնել կարգալույծ արված հոգևորականների և եկեղեցու հետ որևէ առնչություն չունեցած անձանցից։
Հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ հաղորդմանն ընթացք է տրվել։
Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ:
Կարդացեք նաև՝






































