Մարտի 1-ի գործով նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և նույն գործով Քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը գտնվում են հետախուզման մեջ, Մարտի 1-ի գործով հանրային լսումների ժամանակ հայտարարել է Հակակոռուպիցոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
Ըստ նրա՝ Հարությունյանը ներգրավել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ կազմակերպել է քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի պարկուճները փոխելու գործընթաց:
Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը խեղաթյուրել է ԶՈւ-ի մասնակցությունն այդ իրադարձություններին՝ օժանդակելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու և պաշտոնական կեղծիքներ կատարելուն, պարզաբանել է Նահապետյանը։
2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանում ցույցեր և բախումներ էին տեղի ունեցել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Իրադարձությունների հետևանքով զոհվել էր 10 մարդ, վիրավորվել էին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մարտի 1-ի գործը նոր փուլով էր իրականացվել, ինչի արդյունքում մեղադրանքներ էին առաջադրվել այդ ժամանակ պաշտոն զբաղեցրածներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, որը 2008-ին ՀՀ նախագահն էր։
2021 թվականի ապրիլին Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Քրեական օրենսգրքի (2003թ․) 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում) Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով այս հոդվածն ուժը կորցրած և Սահմանադրությանը հակասող էր ճանաչվել։
Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերի 13-ին որոշել էր Քոչարյանի և մյուսների գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը բեկանել էր Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները։



































