Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնել է 2018թ. ԱԱԾ մեկուսարանում իր և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը:
«Կարապետյանը եկել ու խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Նա փորձ է արել առաջարկելու, որ իրենք ինձ ազատում են, և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում։ Ես ասել եմ, որ դա բացառվում է»,- ասել է Փաշինյանը։
Նա հերքել է դեռ 2018-ին տարածվող լուրերը, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոնի դիմաց դադարեցնել հեղափոխությունը:
«Ոչ միայն փոխվարչապետի, որևէ այլ պաշտոնի մասին չի խոսվել»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը մանրամասնել է, որ Կարապետյանը Սարգսյանի նոր տեղեկությամբ վերադարձել է իր խուց և հայտնել, որ Սարգսյանը պատրաստ է հրաժարականի, սակայն Ֆրանկոֆոնայի գագաթաժողովն ընդունելուց հետո, ինչն ինքը անընդունելի է համարել։ Ապա առաջարկ է հնչել հունիսին հրաժարական տալ, ինչը ևս Փաշինյանը չի ընդունել։ Ավելի ուշ Կարապետյանը նրան հայտնել է, որ Փաշինյանի պահանջը՝ «այսօր, վաղը կամ առավելագույնը հաջորդ օրը հրաժարական տալ, ընդունված է», մանրամասնել է Փաշինյանը։



































