Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոյեմբերի 5-ի երեկոյան Ռուսաստանից առաջին անգամ Հայաստանի տարածք էր ժամանել ցորենով բեռնված գնացք, որն անցել էր Ադրբեջանով և Վրաստանով։
«Ողջունում ենք Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցության մեկնարկը: Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն է իրականացվում մեր երկրների միջև: Այս իրադարձությունն իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, մեր աշխատանքի վկայությունն է՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման»,- լրագրողներին հայտարարել է Օվերչուկը:
Նա նշել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապը Հարավային Կովկասի պետությունների հետ, բարձրացնում է Հայաստանի շուկաների հասանելիությունը Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետությունների ապրանքներին, ինչպես նաև բարելավում է ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը հայ ապրանքարտադրողների համար:
«Խորհրդանշական է, որ այդ ճանապարհով անցնող առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ ապրելու ու արարելու կարևորագույն խորհրդանիշներից մեկը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ընդհանուր ձգտումը, առճակատումից համագործակցության անցումը»,- նշել է Օվերչուկը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 5-ին հայտնել էր, որ առաջիկա մի քանի օրում Ղազախստանից ցորենը նույնպես կստացվի Ադրբեջանի տարածքով։ Նրա տեղեկացմամբ՝ Ռուսաստանից և Ղազախստանից ցորենի երկու խմբաքանակ, որոնցից յուրաքանչյուրը կազմում է 1000 տոննա, գնվել է Հայաստանում գործող մասնավոր ընկերության կողմից։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջը նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել հացահատիկով բեռնված ևս 132 վագոն:




































