Վրաստանից Ադրբեջան բեռնափոխադրումները վերջին 10 տարվա ընթացքում նվազել են 40%-ով, իսկ Ադրբեջանից Վրաստան՝ 15%-ով, նոյեմբերի 4-ին Երևանում կայացած «Օրբելի 2025» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։
Ցագարեիշվիլիի խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ Եվրոպայից Կենտրոնական Ասիա բեռնափոխադրումներն զգալիորեն նվազել են։ Մասնագետը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տարեկան հզորությունը կազմում է 5 միլիոն տոննա։
«Սակայն, 2023 թվականին այս ներուժի միայն 11%-ն է օգտագործվել»,- նշել է նա։
Ցագարեիշվիլին նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կարող է փոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը։
Մասնագետի խոսքով՝ նոր երթուղիների բացումից հետո Վրաստանը կարող է կորցնել մինչև 2 միլիոն տոննա տարանցիկ բեռ, որը կազմում է Միջին միջանցքով անցնող ընդհանուր բեռնափոխադրումների մոտավորապես 15-20%-ը։
Ցագարեիշվիլին նաև ընդգծել է, որ Ռուսաստանից Ադրբեջան երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն 9-ը անգամ ավելի մեծ է, քան հակառակ ուղղությամբ։




































