Ադրբեջանցի փորձագետ Ռուսիֆ Հուսեյնովը, որը Երևանում մասնակցում է «Օրբելի ֆորում 2025. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովին, մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները: Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում:
Նոյեմբերի 3-ին Ալիևը հայտարարել էր, որ հայ ժողովուրդն ու պետությունը չպետք է վախենան ադրբեջանցիների՝ «ներկայիս Հայաստան» տեղափոխվելուց: Նա նշել էր, որ «քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գյոյչա, և իրենք պետք է վերադառնան իրենց «պատմական հողեր»։
«Կարծում եմ՝ հարցը պետք է Ադրբեջանի պաշտոնատար անձանց ուղղեք, սակայն եթե փորձագիտական կարծիք եք հարցնում, առաջարկում եմ ստուգել Վաշինգտոնի հռչակագիրը, որը վերաբերում է տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիությանը, դրանց երկուստեք ճանաչմանը»,- ասել է նա:
Հուսեյնովը խոսել է նաև TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) նախագծի մասին՝ ասելով, որ Ադրբեջանին անխոչընդոտ հասանելիություն պետք է ապահովվի ԱՄՆ-ի օգնությամբ:
«Կտեսնենք՝ պրակտիկայում ի՞նչ կնշանակի անխոչընդոտ հասանելիություն՝ արդյոք դա կնշանակի՞ էլեկտրոնային այնպիսի համակարգ, որ անձի ստուգումներ չլինեն, թե կնշանակի ինչ-որ այլ մեխանիզմ կողմերի միջև դա ապահովելու համար»,- նշել է փորձագետը:
Ինչ վերաբերում է TRIPP-ին փոխարեն Բաքվում «Զանգեզուրի միջանցք» տերմինի կիրառությանը՝ նա կարծիք է հայտնել, որ վերջինն ավելի լայն հասկացություն է Ադրբեջանի համար:
«Ի տարբերություն Հայաստանի՝ դա չունի բացասական նրբերանգ, երբ ասում ենք միջանցք տերմինը, Հայաստանում դա այլ կերպ են ընկալում»,- ասել է ադրբեջանցի փորձագետը:




































