«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը (հայտնի «Դոգ» մականվամբ-խմբ.) հայտարարել է 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին:
Ղուկասյանը ներգաղթի կանոնների խախտման համար փետրվարից գտնվում է ԱՄՆ մեկուսարանում:
«Օրեր առաջ հանդես եկա հանուն պետության և ժողովրդի բոլոր քաղաքական առողջ ուժերին միավորվելու կոչով։ Մինչև 2025թ. դեկտեմբերի 1-ն այդ ուժերին տալիս եմ դիվանագիտական անձնագիր՝ կողմնորոշվելու և միանալու մեր համահայկական շարժմանը»,- գրել է նա։
Դեկտեմբերի 1-ից հետո, ինչպես նշել է կուսակցության նախագահը, հանրության դատին կներկայացնի ԴՕԿ-ի՝ ընտրություններին մասնակցող 131 պատգամավորական միասնական թեկնածուների անվանացանկը, կառավարության կազմը, ՀՀ նախագահի թեկնածուին։
Նա շեշտել է, որ ԴՕԿ կուսակցությունն, ըստ ամենամեղմ հաշվարկների, ունի ավելի մեծ հանրային վստահություն և ձայներ, քան բոլոր մյուս քաղաքական ուժերը միասին վերցրած։ Թե ի՞նչ տվյալների հիման վրա է նման հայտարարություն անում, Ղուկասյանը չի հստակեցրել:
Կուսակցության հետ կապված բոլոր հարցերով այսուհետ կզբաղվի Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Ղուկասյանն իր լիազորությունները նրան է փոխանցել:
2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ 2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործի շրջանակներում։ Փետրվարի 28-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները բերման են ենթարկել Ղուկասյանին։





































