ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Աբովյանի նախկին համայնքապետ, Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի և համայնքապետարանի աշխատակցի նկատմամբ 2024-ից քննվող գործի նախաքննությունը, որի ընթացքում վերականգնվել է 49,1 մլն դրամ վնաս։
Կոմիտեն մանրամասնել է Գևորգյանին մեղադրանքը, որի վերաբերյալ նախորդ տարի կոմիտեից Armenia Today-ին հավելյալ տեղեկություն չէին հայտնել։ Գևորգյանի նկատմամբ 2024-ին տնային կալանք էր կիրառվել։
Ըստ կոմիտեի՝ 2015-2021թթ․, զբաղեցնելով Աբովյանի համայնքապետի պաշտոնը, նա անտեսել է օրենքի պահանջները, ծառայության շահերին հակառակ ձևական աճուրդներով ու ուղղակի վաճառքով օտարել է կանաչ գոտիների կարգավիճակ ունեցող հողատարածքներ՝ համայնքին պատճառելով էական վնաս։
Բացի այդ, կոմիտեի տվյալներով, նա և աշխատակիցը կազմել են կեղծ արձանագրություններ, ըստ որոնց՝ իբրև աճուրդներ են կայացել՝ իրականում չկայացած պայմաններում։
Նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով (21 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4 տարով-խմբ․), ինչպես նաև 314-րդ (6 դրվագով պաշտոնեական կեղծիքը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով-խմբ․) 196-րդ հոդվածներով (6 դրվագով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը, առավելագույն պատիժն ազատազրկում-խմբ․): Համայնքապետարանի նախկին աշխատակիցը գրեթե նույն հոդվածներով է անցնում։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Կարդացեք նաև՝






































