«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անդամների մասնակցությամբ Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագն անվանել է «իշխանությունների նոր քայլը՝ ազգային պառակտման ճանապարհին»։ Այս մասին նա հայտարարել է ԱԱԾ մեկուսարանից՝ փաստաբանների միջոցով փոխանցված ուղերձում։
Նա վերահաստատել է, որ իր թիմի հետ շարունակելու է պաշտպանել Հայ Առաքելական եկեղեցին։ Կարապետյանն ընդգծել է, որ իշխանությունների կողմից այս քայլն առաջացրել է համայն հայության դատապարտումն ու զայրույթը։
«Հանուն իշխանության պահպանման այդ մարդիկ հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում չտեսնված արարք գործեցին՝ փորձելով թշնամաբար կոտրել Հայ Առաքելական եկեղեցու կարգը և արատավորել Սուրբ պատարագն իրենց միջամտությամբ»,- նշել է Կարապետյանը։
Նա վստահություն է հայտնել, որ «փոքրիկ խմբակը ցույց է տվել, որ պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով և կանգ չի առնելու կարևորագույն ազգային ինստիտուտին՝ Մայր Աթոռին հարվածներ հասցնելու ու վարկաբեկելու համար»։
Միաժամանակ, Կարապետյանը նշել է, որ ինքն ու իր թիմը կշարունակեն պաշտպանել հայկական արժեքներն ու սրբավայրերը «ճիշտ այնպես, ինչպես դարեր առաջ, երեկ ու վաղը»։
Գործարարը նաև դատապարտել է Հայաստանում քաղաքական դրդապատճառներով կալանավորումները և հիշեցրել, որ կալանքի տակ են գտնվում արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը, Բագրատ Գալստանյանը և Մկրտիչ Պռոշյանը, ինչպես նաև տասնյակ գյումրեցիներ, որոնց թվում է «Մեր ձևով» շարժման Գյումրու պատասխանատու Ռուբեն Մխիթարյանը։
Նա հայտարարել է, որ «ոչ մի բանտարկություն չի կարող կոտրել այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալների կամքը՝ ապրելու բռնապետությունից ու օտարի ազդեցությունից ազատ, իրական քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, արժանապատվությունը վերականգնած, բարեկեցիկ քաղաքացիների Հայաստանում»։
«Ոչ մի զրկանք չի՛ կարող կանգնեցնել մեր շարժման ընթացքը դեպի հաղթանակ»,- ընդգծել է Կարապետյանը:
Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ մասնակցել էր Հովհաննավանքում մատուցված պատարագին, որը վարում էր կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։ Պատարագը մատուցվել էր կառավարության անդամների, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և իշխանությունների կողմնակիցների ներկայությամբ։
Պատարագի ժամանակ վանքից դուրս էր տարվել մի տղամարդ, որը բղավել էր՝ կարգալույծ քահանան իրավունք չունի պատարագ վարել: Նույն օրն առավոտյան ոստիկանությունը ձերբակալել էր Արագածոտնի թեմի երկու վանահոր, ապա ազատ արձակել նրանց:
Այնուհետև Փաշինյանը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ երկրորդ անգամ Հովհաննավանքում կմասնակցի կարգալույծ քահանայի պատարագին։




































