Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն, ասված է Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական նախարար Սթիվեն Դաութիի հայտարարության մեջ։
«Մենք մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ բարձրացնում ենք մինչև առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում ռազմավարական գործընկերության։ Հաշվի առնելով արձանագրված առաջընթացը՝ կարծում ենք, որ 1992 թվականի ԵԱՀԿ զենքի էմբարգոն այլևս արդիական չէ»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ գործընկերների հետ՝ տարածաշրջանային կայունությանն աջակցելու համար։
Ավելի վաղ Դաութին և ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Երևանում անցկացրել էին Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը: Նրանք համաձայնել էին հարաբերություններն ամրապնդել և հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծը, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր:






































