TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) նախագիծը բացում է արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ նաև ԱՊՀ երկրների համար, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դուշանբեում ընթացող նիստին մանրամասնելով երթուղու վերաբերյալ պայանավորվածությունները՝ Փաշինյանը նշել է, որ Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։
«Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը՝ Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ TRIPP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային և այլ տրանսպորտային կապ ունենալ Ադրբեջանի և ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։ Սա նշանակալի փոփոխություն և հանգամանք է, որն, անկասկած, կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը»,- ասել է նա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծը, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր:
Փաշինյանն իր ելույթում նաև գոհունակությամբ արձանագրել է, որ երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այս գործընթացում հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։
«Այս համատեքստում կողմերը հաստատեցին իրենց ըմբռնումը, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններին։ Համապատասխանաբար, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը»,- հավելել է վարչապետը։
Միևնույն ժամանակ, ինչպես նկատել է նա, հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերն սպառվել են։ Նրա խոսքով՝ երկու երկրները դեռևս պետք է հաստատեն փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծեն հումանիտար խնդիրները:
«Սա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը, սակայն հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն»,- ասել է նա։
Փաշինյանը խաղաղության հաստատման կապակցությամբ շնորհավորել է նաև ԱՊՀ երկրներին:




































