ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Գեղամ Նազարյանը մոտ օրերս պատրաստվում են շրջանառել նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր», հայտնել է Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլորն ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար ընկածների առաջ»,- գրել է նա:
Նրա խոսքով՝ ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին «արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»:
ՀՀ կառավարությունը 2024 թվականին մերժել էր սեպտեմբերի 27-ը որպես Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակի օր ճանաչող օրինագիծը։
Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակվել էր Արցախի Հանրապետության վրա։ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հրետանային և հրթիռային հարվածներով հրետակոծել էին Արցախում գտնվող քաղաքացիական բնակավայրերը։ Սակայն ՀՀ իշխանությունները հայտարարել էին, որ «Բանակի օրը՝ հունվարի 28-ը, ոչ միայն Զինված ուժերի կազմավորման տոնակատարություն է, այլև մեծարում է նրանց, ովքեր բոլոր ժամանակներում ներդրում են ունեցել Հայաստանի պաշտպանության գործում, այդ թվում՝ նրանց, ովքեր զոհվել են»։




































