Իշխանությունները ոչ միայն պատրաստվում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնել, այլև մտադիր են փակել եկեղեցու հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաալիքը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հեռուստաընկերության փակման մասին դեռևս նախանցած տարի բարձրաձայնել էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ Նա թերթին հայտնել է, որ այժմ քննարկումներ են ընթանում, սակայն թե ինչ փուլում են և ինչ են առաջարկում «Շողակաթ»-ի փոխարեն՝ չի նշել։
Պատգամավորը լրատվականին տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս որոշում կկայացնեն «Շողակաթ»-ի վերաբերյալ և հանդես կգան հրապարակային հայտարարությամբ։
Մայիսի 29-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Սեպտեմբերի 20-ի կուսակցության համագումարին վարչապետը կրկնել էր՝ եթե կաթողիկոսը չհեռանա, կլինի ժողովրդական ներգործություն:





































