«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կուսակցությունը հռչակում է Հայաստանի 4-րդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։
Նա ընթերցել է կուսակցության հռչակագիրը, որում ասվում է, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո ՔՊ-ն նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։
Փաշինյանի խոսքով՝ ՔՊ-ն հենվելու է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիության հայեցակարգի վրա։
Ըստ նրա՝ ՔՊ-ն նախատեսում է ակտիվացնել նաև Եվրոպական Միությանը ՀՀ անդամագրվելուն ուղղված ջանքերը և բոլոր հարևանների հետ խաղաղություն և բարիդրացիություն հաստատելը։
Ըստ հռչակագրի՝ կուսակցությունը քաջալերելու է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, խորացնելու է հակակոռուպցիոն պայքարը, շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումները, աջակցելու է կրթության բովանդակային բարեփոխումների և ֆիզիկական ենթակառուցվածքների նորացման քաղաքականությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։



































