Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը կլինի Faraglioni մրցանակաբաշխության հոբելյանական հանդիսության գլխավոր աստղերից մեկը։ Այս իրադարձությունը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ Կապրի կղզում, հայտնել են մրցանակաբաշխության կազմակերպիչները։
«Օպերալիա 2022» մրցույթի Գրան պրիի և հանդիսատեսի մրցանակի դափնեկիր, ինչպես նաև Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան միջազգային մրցույթի դափնեկիր Գրիգորյանը ելույթ կունենա որպես պատվավոր հյուր։
Միջոցառումը տեղի կունենա Քվիսիսանա Կապրի թատրոնի բեմում, իսկ մրցանակի գլխավոր դափնեկիրը կլինի մաեստրո Պլասիդո Դոմինգոն։ Արարողության շրջանակներում Գրիգորյանը հայտնի տենորի հետ միասին կկատարի հատուկ ծրագիր։
«Օպերային աստղ Գրիգորյանը երիտասարդ, բայց արդեն համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո է, որը գրավել է հանդիսատեսին ամբողջ աշխարհում, կգա իր արվեստով պատվելու մաեստրո Դոմինգոյին։ Նրա նուրբ տեխնիկան, արտահայտչական ուժը և գեղարվեստական զգայունությունը նրան դարձրել են աշխարհի առաջատար բեմերում ցանկալի հյուր»,- նշում են մրցանակաբաշխության կազմակերպիչները։
Երգչուհին արդեն ելույթ է ունեցել աշխարհի առաջատար օպերային բեմերում՝ Միլանի Teatro alla Scala-ից և Նյու Յորքի Metropolitan Opera-ից մինչև Arena di Verona և Հոլանդիայի ազգային օպերա։
Գրիգորյանն օգոստոսին Լայատիկոյի Teatro del Silenzio-ում հանդես էր եկել Անդրեա Բոչելլիի և Դոմինգոյի հետ նույն բեմահարթակին։






































