Դատարանը փոխել է «Սթրայքբոլի գործով» կալանավորված ՀՅԴ անդամ Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
ՀՅԴ ՀԵՄ-ի տվյալներով՝ Չամիչյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոց՝ 2 ամիս ժամկետով։
Չամիչյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի՝ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (Ահաբեկչության նախապատրաստություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով):
Մելիքյանի պնդմամբ՝ Չամիչյանից առգրավվածի մեջ արգելված իրեր չկան։ Իրավապահներն առգրավել են սթրայքբոլլ խաղալու սարքավորումներ, որոնք ներկայացվել են որպես ահաբեկչական գործողության նախապատրաստման ապացույց։
Հուլիսի 10-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել։ Նույն օրը ՀՅԴ-ն հայտնել էր կուսակցության անդամների տներում իրականացված խուզարկությունների, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն՝ Տարոն Մանուկյանին, կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանին բերման ենթարկելու մասին։ Հուլիսի 11-ին կալանավորվել էր Չամիչյանը, հուլիսի 12-ին՝ Ալեքսան Ասատրյանը։




































