Հուլիսին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատված Հակոբ Սիմիդյանը ՔՊ վարչության ընտրություններից հաշված օրեր առաջ ՔՊ վարչության անդամի թեկնածությունից ինքնաբացարկ է ներկայացրել, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Լրատվամիջոցը նշել է, որ իրենց տեղեկություններով՝ նա չի հաղթահարում Նիկոլ Փաշինյանից նեղվածությունը և որոշել է իր վերաբերմունքն այսպես արտահայտել։
«Սիմիդյանն, իրականում, որպես այդպիսին քարոզարշավ չի արել ՔՊ պատվիրակների շրջանում՝ համարելով, որ իր կողմից քննադատված կարգերով քարոզչության մասնակցելը սխալ է։ Թե կոնկրետ ինչից է դժգոհ, մեր աղբյուրը չհայտնեց»,- գրում է օրաթերթը։
Լրատվամիջոցը փորձել է անձամբ նրանից պարզել, սակայն Սիմիդյանը չի ցանկացել խոսել այդ մասին։
«Միայն հաստատեց, որ վարչության անդամի թեկնածությունից ինքնաբացարկ է ներկայացրել։ Արդյոք հեռանո՞ւմ է կուսակցությունից, Սիմիդյանը վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել»,- գրել է թերթը։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է Սիմիդյանին, քանի որ վերջինս հակաճառել է իրեն։




































