Քննչական կոմիտեից ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանին կալանավորելու մասին «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը։
Կալանավորման հարցը մեկնաբանելով՝ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն, առանց անուններ հայտնելու, Armenia Today-ին տեղեկացրել է, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
ՔԿ խոսնակը նշել է, որ անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարի ժամկետով-խմբ․) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․)։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է այն ժամանակ փոխվարչապետ Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս էլ ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, նաև «Արշակ և Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրը:






































