Թեհրանը բողոքի նոտաներ է ուղարկել Բաքվին այնտեղ պահվող իրանցի բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, փոխանցում է IRNA-ն։
Ըստ աղբյուրի՝ Թեհրանը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել ադրբեջանական բանտերում Իրանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:
«Սա կարևոր խնդիր է: Մենք ստացել ենք Ադրբեջանի Հանրապետությունում բանտարկված մեր քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին հաղորդագրություններ: Մենք բազմաթիվ նոտաներ ենք ուղարկել Բաքու՝ արտահայտելով մեր բողոքն ու մտահոգությունը: Բանտարկյալների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը, հիմնված մարդու իրավունքների սկզբունքների վրա, մեր օրինական ակնկալիքն է», - Բաղայիի խոսքերն է մեջբերում իրանական գործակալությունը։
Պաշտոնյան հիշեցրել է, որ Թեհրանը և Բաքուն համաձայնագիր ունեն դատապարտյալների փոխանցման վերաբերյալ, և այս հարցը գտնվում է Իրանի արտգործնախարարության օրակարգում։
Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ այդ հայտարարությունները «որևէ հիմք չունեն»։ Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի դատապարտված և կալանավորված քաղաքացիների իրավունքները, օրինական շահերը և անձնական անվտանգությունը «պաշտպանված են, նրանց տրամադրվում են անհրաժեշտ նյութական և կենցաղային պայմաններ»։
Ադրբեջանն Իրանին մեղադրել է Իսլամական Հանրապետության տարածքում կալանքի տակ գտնվող և բանտարկված իրենց քաղաքացիների մեծ մասի մասին դիվանագիտական ներկայացուցչություններին տեղեկատվություն չտրամադրելու մեջ։





































