ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուժեղացրել է ճնշումը Ռուսաստանի վրա և հայտարարել է 10-12 օր նոր ժամկետ սահմանելու մասին, որպեսզի Մոսկվան առաջընթաց գրանցի Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցում, հայտնում է Reuters-ը:
Շոտլանդիայում գտնվող ԱՄՆ նախագահը հայտնել է, որ որոշել է կրճատել սկզբնական 50-օրյա ժամկետը, որն ինքն էր սահմանել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից հիասթափվելու պատճառով:
«Հիմա նոր ժամկետ եմ տալիս՝ 10 կամ 12 օր։ Հետաձգելու պատճառ չկա»,- ընդգծել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ արդեն «գիտի պատասխանը, թե ինչ է տեղի ունենալու»։
«Բազմիցս կարծել ենք, որ պայմանավորվել ենք, իսկ հետո նախագահ Պուտինն սկսել է հրթիռներ արձակել Կիևի նման մի քաղաքի վրա, ծերանոցում կամ այլուր սպանում է շատ մարդկանց։ Ամենուր դիակներ են»,- հավելել է Թրամփը։
Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն 50 օրից Ռուսաստանի նկատմամբ 100%-ի չափով երկրորդական մաքսատուրքեր կսահմանի՝ ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի բացակայության դեպքում։