Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումը տարածաշրջանի ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնել ՀՀ դիրքորոշմանը, հայտնել են ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ տարածաքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության վրա հիմնված։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, Գրիգորյանն ու Ահմադիանը կարևորել են տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման հրամայականը, ընդգծել են գրասենյակից։
Գրասենյակից հավելել են, որ Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Հուլիսի 14-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է 100 տարի ժամկետով վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»։
Հուլիսի 16-ին տեղի ունեցած ասուլիսում Փաշինյանն Armenia Today-ին հաստատել էր Սյունիքից Նախիջևան տանող ճանապարհի վերահսկման մասին ԱՄՆ-ից առաջարկ ստանալու տեղեկությունը։