Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի վերանայի կանանց բռնցքամարտի արդյունքները, հայտնել Է կազմակերպության նոր նախագահ Քիրստի Քովենթրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ՄՕԿ-ը հավանություն էր տվել 2024 թվականի խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարին Իման Հալիֆի (Ալժիր) և Լին Յուտինի (Թայվան) մասնակցությանը՝ չնայած այն հանգամանքին, որ 2023 թվականի աշխարհի առաջնությունում նրանք չէին անցել գենդերային թեստ, որի պատասխանը ցույց է տվել տեստոստերոնի բարձր մակարդակի առկայություն:
Օլիմպիական խաղերում նրանք ոսկե մեդալ էին նվաճել համապատասխանաբար մինչև 66 և 57 կգ քաշային կարգերում: Օլիմպիական խաղերի կանանց բռնցքամարտի առաջնությունում Հալիֆի և իտալուհի Անժելա Կարինիի մենամարտը տևել էր 46 վայրկյան, որից հետո իտալուհին հրաժարվել էր նրա հետ պայքարից՝ վախենալով հետագա հարվածների ուժգնությունից։
Փետրվարին բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) հայտարարել էր, որ մարզիկներին խաղերին թույլ տալու վերաբերյալ բողոք կներկայացնեն Շվեյցարիայի գլխավոր դատախազին, ինչպես նաև կաջակցեն նրանց ՄՕԿ-ի դեմ հայցերում:
Հալիֆը հայտարարել է IBA-ին դատի տալու մտադրության մասին՝ իրեն առաջադրված «անհիմն, կեղծ և վիրավորական մեղադրանքների» համար:
«Արդյոք Փարիզի Օլիմպիական խաղերի հետահայաց որոշումները կվերաբերե՞ն կանանց բռնցքամարտին։ Մենք հետահայաց ինչ-որ բան չենք անի, նայում ենք ապագային, ինչ դասեր կարող ենք քաղել անցյալից և ինչպես առաջ շարժվել, դա աշխատանքային խմբի գլխավոր խնդիրն է»,- ասել է Քովենթրին։
Քովենթրին կազմակերպության ղեկավար էր ընտրվել մարտի 20-ին։ Զիմբաբվեի ներկայացուցիչը դարձել էր 10-րդ նախագահը և ՄՕԿ-ի առաջին կին ղեկավարը: