Իրանը մտադիր չէ հրաժարվել ուրանի հարստացումից խաղաղ նպատակներով՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։
«Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքով ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով՝ մեր երկրի բարօրության համար։ Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե ինչ պետք է անենք, քանի դեռ հետևում ենք պայմանագրով ստանձնած մեր պարտավորություններին»,- ասել է նա։
Փոխարտգործնախարարը չի մեկնաբանել Իրանի միջուկային ծրագրի վիճակը հունիսի 21-ի լույս 22-ի գիշերն ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից իրականացված հարվածներից հետո։ Միևնույն ժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ ռմբակոծությունն ինքնին «ակնհայտ ագրեսիայի ակտ» է։
Թախտ-Ռավանչին նշել է, որ Իրանն այս իրավիճակում «ագրեսիայի զոհ» է, և իրավունք ունի արձագանքել ԱՄՆ-ի հարվածներին՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Դիվանագետը, սակայն, չի մեկնաբանել Իրանի կողմից Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու հնարավորությունը։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: Հունիսի 22-ի գիշերն ԱՄՆ-ն հարձակվել էր Իրանի երեք միջուկային օբյեկտի վրա։