ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է «Տավուշ» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ պնդելով, որ տեղի ունեցածը «գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր»։ Այս մասին Քոչարյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքներն ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար»,- գրել է նա։
Քոչարյանն այս «խայտառակ իրավիճակից» միակ ելքը տեսնում է իշխանափոխության մեջ:
«Այլապես արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։ Ամրություն եմ մաղթում Կարապետյանին: Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը»,- շեշտել է երկրորդ նախագահը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին: Նա հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները՝ աջակցություն հայտնելով եկեղեցուն, ինչից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։