Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հունիսի 20-ին կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թուրքական լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 17-ին հաստատել էր, որ Փաշինյանն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։
Հունիսի 17-ին 24news-ը հայտնել էր, որ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը։ Սա պաշտոնապես ո՛չ հերքվել է, ո՛չ հաստատվել:
Փաշինյանը 2023 թվականին աշխատանքային այցով ժամանել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Վերջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել ապրիլին Անթալիայի տնտեսական ֆորումին։




































