Ռուսաստանի քաղաքացիների շրջանում արտասահմանյան ուղևորությունների պահանջարկը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 25%-ով։ Հայաստանն ամենահայտնի տասը ուղղությունների շարքում է և զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ Թուրքիայի, Վրաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի նման երկրների կողքին, հաղորդում է ռուսական ՌԲԿ պարբերականը։
Հատկապես տպավորիչ են Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճի տեմպերը՝ ամրագրված ուղևորությունների քանակը նախորդ ամռան համեմատ աճել է 68%-ով։ Փորձագետները սա կապում են ճանապարհորդությունների հարմարավետության, մատչելի գների և տրանսպորտային կապերի զարգացման հետ։ Առաջատար երկրների ցանկում են հայտնվել նաև Բելառուսը, Աբխազիան, Ղազախստանը, Թաիլանդը և Ադրբեջանը։
ՀՀ կառավարությունը մայիսի 22-ին որոշում էր ընդունել Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար սահմանել առանց վիզայի մուտքի կարգ։ Կառավարությունում նշել էին, որ արաբական երկրներից զբոսաշրջիկների հոսքը ժամանակի ընթացքում կարող է դառնալ հիմնականներից մեկը։