ՀՀ իշխանությունները Ռուսաստանից զգուշացում են ստացել գոնե ֆորմալ առումով պահպանել Արցախի պետական ինստիտուտները և Արցախի հարցը վերջնականապես չփակել, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ վերջին ամիսներին Արցախի հետ կապված հարցերում ՀՀ իշխանությունների լոյալությունը պայմանավորված է հենց դրանով։
«Նրանք ծպտուն չհանեցին Արցախի սահմանադրությունը փոխելու ժամանակ, որով հնարավոր է դառնում նախագահի և խորհրդարանի ինստիտուտները պահելը, ոչ էլ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի լուծարման հրամանագրի հրապարակման ժամանակ: Լռում են նաև հիմա, երբ մինչև եկող շաբաթվա վերջ Արցախի խորհրդարանը նոր նախագահ է ընտրելու»,- նշել է թերթը։
Լրատվականը հիշեցրել է, որ ամիսներ առաջ իշխանւթյունները նշում էին, որ չեն հանդուրժելու «պետություն պետության մեջ», «սպառնում էին արցախցի գործիչներին Արցախի պետական ինստիտուտները պահպանելու պատճառով»:
Հայաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել՝ Արցախի հարցն իրենց օրակարգում չկա: Ապրիլի 8-ին արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ ՀՀ ԱԳՆ-ից պահանջել էին Ադրբեջանի հետ բանակցային օրակարգում ընդգրկել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման, էթնիկ զտման և վերադարձի հարցը։




































