Հայաստանի իշխանությունները չեն քննարկում ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցը, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Այսպես է նա մեկնաբանել ընդդիմության հայտարարությունները, որ Բաքուն կարող է խաղաղության համաձայնագրի ստորագրման համար նոր նախապայման առաջադրել՝ ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից։
«Մենք խոսում ենք սահմանների մասին, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության տարածքի։ Սա աբսուրդ է։ Այս հարցը չի քննարկվում և չի կարող քննարկվել։ Ձեզնից եմ առաջին անգամ լսում»,- նշել է Սիմոնյանը։
Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել էր, որ Երևանն ու Բաքուն նախկինում համաձայնության են եկել ռուսական բազայի դուրսբերման վերաբերյալ իրենց դիրքորոշումների շուրջ։ Ըստ նրա՝ հենց այդ պատճառով է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հիմնական ներկայացուցիչներից մեկը՝ Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Հայաստանի հետ բանակցային գործընթացը, ասել, որ տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ նրանք միջամտում են օրակարգին՝ ելնելով իրենց շահերից։