Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը կոչ է արել շուտափույթ կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագիրը, հայտնում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կապահովի տարածաշրջանում կայունություն, անվտանգություն և կնպաստի տարածաշրջանային առաջընթացին ու զարգացմանը:
Հանդիպումը կայացել է մայիսի 17-ին՝ Թեհրանում։ Գրիգորյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու «Թեհրանի երկխոսություն» համաժողովին:
Ըստ ՀՀ ԱԽՔ-ի մամուլի ծառայության՝ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը։
Կողմեր անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծել կայուն ու հարատև խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը:
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Պաշտոնական Երևանը հաստատել էր նախագծի հաստատման ավարտը, ավելին՝ հայտարարել, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։
Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի լրագրողին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքվում կան շրջանակներ, որոնք ձգտում են հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք: Նա հիշեցրել էր, որ հայկական կողմն առաջարկում է միաժամանակ ստորագրել խաղաղության պայմանագիր և ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ հայտարարություն՝ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին: