Մայիսի 12-ին 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակում Քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, Armenia Today-ին հայտնել է Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Պապիկյանը Սեֆիլյանին հարցաքննության կանչելն անուղղակիորեն պայմանավորել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ վերջերս տված հարցազրույցներից մեկով, որտեղ նա ասել է, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին։ Փաստաբանը Սեֆիլյանին հարցաքննության կանչելը պայմանավորել է նաև մայիսի 8-ին ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ դատախազին ուղղված հարցադրմամբ՝ նաև Սեֆիլյանին հարցաքննության կանչելու մասով։
«Չգիտեմ՝ ուղղակի կապ կա՞, թե՞ ոչ, բայց Սեֆիլյանը հրավիրվեց հարցաքննության»,- ասել է նա։
Փաստաբանը շեշտել է, որ քննիչը բազմաթիվ հարցեր է ուղղել Սեֆիլյանին՝ կապված նաև Բաբայանի հայտարարության հետ։
«Ենթադրում եմ՝ պատահական չէր Բաբայանի հայտարարությունը, իսկ պարոն Սեֆիլյանի համար տարօրինակ ու տարակուսելի էր, որ տարիներ անց Բաբայանը հիշել է այդ՝ իրականությունից զուրկ մի հանգամանքի մասին»,- հավելել է փաստաբանը։
Նախաքննության գաղտնիքից ելնելով՝ փաստաբանն այլ մանրամասներ չի հայտնել, բայց նշել է, որ Սեֆիլյանը քննիչի բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ է տվել։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչության հետևանքով զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։
Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 մարդու, որոնց թվում հիմնականում պատգամավորներ էին։ Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվել էր 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Վեց դատապարտյալ, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, վերջինիս եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման: Գործով մեղադրյալ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման: