Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով, հայտարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանը նշել է, որ կալանքը պետք է կիրառվի միայն աներկբա անհրաժեշտության դեպքում, ինչը Գաբրիելյանի պարագայում բացակայում էր: Ալեքսանյանը շեշտել է, որ դատարանը բավարար հիմքեր ուներ կիրառելու այլընտրանքային խափանման միջոցներ։
Ապրիլի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերով նախաձեռնված վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում դատարանում։ Ավելի ուշ մանրամասնել էին, որ դատարանում ապացուցողական գործողություն է իրականացվել։
Ապրիլի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ վարույթի շրջանակում 2 անձ է կալանավորվել։ Ավելի ուշ ԲԴԽ-ն բավարարել էր Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը, ապա նաև նրա լիազորությունները կասեցնելու որոշում էր կայացրել։ Մայիսի 1-ին դատավորին կալանավորել էին։