Գեղարքունիքի մարզի բնակիչը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներ, հայտնում է Քննչական կոմիտեն:
Ըստ հաղորդագրության՝ նա Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և նրանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու գործընթաց է սկսել, սակայն բացահայտվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից:
Ք.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու դրդչության փորձ) (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու դրդչության փորձ) (2 դրվագ) և 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը) (4 դրվագ), Վ.Մ.-ի, Հ.Մ.-ի, Է.Մ.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ՝ 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու փորձը), Ն.Գ.-ի և Է.Գ.-ի նկատմամբ՝ 44-436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու փորձը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: