Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությունը, ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիան հույս ունի, որ համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա, թույլ կտա, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության, ինտեգրացիայի և համագործակցության գոտի՝ բաց սահմաններով և ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,- նշված է հայտարարության մեջ։
Մարտի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։