Թուրքական NTV հեռուստաալիքը հրապարակել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ արված ռեպորտաժը։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Ռուբինյանը նշել է, որ Հայաստանն ամբողջովին պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, և այդ հարցում Հայաստանի մոտեցումը գործընթացի սկզբից ցայսօր չի փոխվել։
«Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաշրջափակում»,- ընդգծել է Ռուբինյանը։
Խոսելով կարգավորման գործընթացից՝ հայկական կողմի բանագնացը ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանն առանց որևէ նախապայմանի։
Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, Հայաստանը երեկ, այսօր, վաղը պատրաստ է ամբողջական կարգավորման, ու եթե Թուրքիան ևս նման քաղաքական կամք ունենա, այդ ամենը շատ արագ կիրականանա։
Ռուբինյանի դիտարկմամբ՝ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ հայկական կողմում «Մարգարա» անցակետը վերանորոգվել է և բերվել է պատրաստի վիճակի, թուրք գործընկերներից ակնկալվում է նույնը։ Ըստ նրա՝ սահմանին գտնվող կամրջի վերանորոգման կամ վերակառուցման համաձայնություն է ձեռք բերվել։
«Մինչև օրս ամենակարևոր պայմանավորվածությունը սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելն է, որը ձեռք է բերվել 2022թ․-ին»,- եզրափակել է Ռուբինյանը։
2024 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել էր Թուրքիայի նախագահ ռեջեփ թայիփ Էրդողանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ էին կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում առկա պայմանավորվածություններին, ընդգծել կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը։ Սեպտեմբերի 25-ին Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի հետ։
Փետրվարի 28-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։