Հայաստանը Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ կունենա, որոշումը կառավարությունն ընդունել է մարտի 6-ի նիստում։
Այդ պաշտոնին կնշանակվի Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) ՀՀ առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդը՝ համատեղության կարգով։ ԵՄ-ում և Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ ունենալը, ըստ ՊՆ նախագծի, պայմանավորված է պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Բելգիայի և ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության էական զարգացմամբ։
«Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին տրամադրված աջակցությունը, ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններում ՀՀ մասնակցության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգում անվտանգային և պաշտպանական բաղադրիչի զգալի ընդլայնումը ԵՄ-ի հետ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծել»,- ասված է նախագծում։
2024 թվականի հուլիսի 22-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն Armenia Today-ին մեկնաբանել էր որոշումը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։ Դեսպանատնից տեղեկացրել էին, որ քաղաքացիական խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդման հարցում։
ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ը տեղի էր ունեցել «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։