Ադրբեջանում պահվող անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարները, տեսանյութերը, (որտեղ խոշտանգման փաստեր կան-խմբ․), ներկայացնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ուշադրությանը, Ազգային ժողովում հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Հրապարակված տեսանյութերը, լուսանկարները ներկայացնում ենք ՄԻԵԴ-ի ուշադրությանը, որ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցնի լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ոչ միայն ԼՂ նախկին ղեկավարության, այլև պահվող բոլոր անձանց մասով․ մեզ մոտ էլ կան որոշակի անհանգստություններ՝ կապված պահվող այլ անձանց իրավունքների հետ»,- նշել է Կիրակոսյանը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի նկատմամբ ՄԻԵԴ-ի կողմից կիրառված միջանկյալ միջոցների շնորհիվ պարբերաբար տեղեկություններ են ստանում Բաքվում պահվող անձանց առողջական վիճակի, նրանց պահման պայմանների մասին։ Կիրակոսյանի խոսքով՝ վերջին տվյալներն ստացել են փետրվարի սկզբին։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի 8 քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են 2023-ին գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին Վարդանյանը երկրորդ անգամ հացադուլ էր հայտարարել։ Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Փետրվարի 27-ին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը կոչ էր արել քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ, որտեղ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվում։
Մարտի 1-ին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտնել էր, որ Երևանը լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ և Միջազգային դատարան՝ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ ընթացող «դատավարությունների» վերաբերյալ։