Իրավապահները կալանավորել են 148 փաթեթ թմրադեղ իրացնելու փորձ կատարած 32-ամյա երիտասարդին, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ ոստիկանությունը տեղեկացել է, որ Մեծ Մանթաշ գյուղում հաշվառված տղամարդը ձեռք է բերել մեծ քանակի թմրամիջոց և «Տելեգրամ» հավելվածի միջոցով փորձում է իրացնել: Նա իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հայտնաբերվել է Մալիշկա գյուղում և նկատելով ոստիկանության ծառայողներին` մեքենայով դիմել է փախուստի:
ՆԳՆ տեղեկությամբ՝ Արենի գյուղի մոտ տղամարդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից նետել է մի քանի փաթեթ: Փախուստի ընթացքում նախ մեքենայով հարվածել է ոստիկանների վարած մեքենայի, ապա հետընթաց կատարելով՝ մեկ այլ մեքենայի:
Նա խոստովանել է, որ թաքստոցից վերցրել է հաշիշի յուղ հավելած մարիխուանայի 148 փաթեթ, որոնցից մոտ 10-ը տեղադրել է Վայոց ձորի մարզի տարբեր տարածքներում՝ յուրաքանչյուրի համար ստանալով 10 դոլար, ևս մի քանի փաթեթ նետել է հետապնդման ժամանակ, իսկ մնացածը պոլիէթիլենային տոպարկով գտնվում է մեքենայի մեջ, պարզաբանել է ՆԳՆ-ն։
Ըստ նայտարարության՝ մեքենայում հայտնաբերվել է թմրանյութի 120 փաթեթ: Հայտնաբերվել է նաև հետապնդման ընթացքում նետած 11 փաթեթը, ևս յոթ փաթեթ հայտնաբերվել է թաքստոցներում: