Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը դատապարտել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, ով արցախցի լրագրողին ասել էր, որ պետք էր մնալ և պաշտպանել Արցախը։ Լրագրողը Սիմոնյանին հարցրել էր, թե ե՞րբ կկարողանա վերադառնալ Արցախ։
Շահրամանյանն ընդգծել է, որ «արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում»։
Նա Սիմոնյանին կոչ է արել ներողություն խնդրել Արցախից բռնի տեղահանվածներից և զերծ մնալ Արցախի ժողովրդի պայքարի և հայրենիքի պաշտպանության վերաբերյալ կասկածներ հարուցող գնահատականներից։
Շահրամանյանը Սիմոնյանին հորդորել է պարզաբանել իր այն հայտարարությունը, թե Հայաստանի իշխանություններն Արցախից զանգեր են ստացել՝ խնդրելով բացել այսպես կոչված սահմանը, և նա խնդրել է նշել նման խնդրանքով զանգահարողների անունները։
«Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան և ռազմական գործողությունների դադարից հետո կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից»,- նշել է նախագահը։
Նկատի ունենալով Սիմոնյանի հայտարարությանն արցախցիների համատարած բացասական արձագանքը՝ Շահրամանյանն առաջարկել է օգտագործել խորհրդարանական հարթակն արցախահայության գոյության խնդիրները լուծելու, ամբողջ եռանդն ու ջանքերն արցախցիներին առաջարկվող տապալված բնակարանային ծրագրի վերանայման և արցախցիների համար հայրենի Հայաստանում մնալու բավարար պայմաններ ստեղծելու համար։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։