Հայաստանի կառավարությունը հունվարի 30-ի նիստում հավանություն է տվել նախագծի, որով Հայաստանն ու Ղազախստանը երկկողմ բեռնափոխադրումների համար նախատեսված հարկերից ու վճարներից ազատվելու արտոնություններ կունենան։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների ոլորտում ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիր կա։
«Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի և Ղազախստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում, որը կկանոնակարգի երկու երկրների միջև մի կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները մյուս կողմի պետության օրենսդրութամբ նախատեսված հարկերից ու վճարներից ազատման արտոնությունների սահմանման գործընթացը»,- ասված է նախագծում:
2024 թվականի օգոստոսի 24-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն քննարկել էին տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները։ Նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Երևանում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովում հայտարարել էր, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում աճել է 7,3% տոկոսով։