«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը երևանցիներին հորդորել է նյութապես աջակցել տրանսպորտի թանկացումը բոյկոտողներին։ Այսօր տեղի ունեցած ասուլիս-ակցիայի ժամանակ նա հույս է հայտնել, որ բոյկոտը համատարած կլինի։
«Մեր կոչն ու հանձնառությունն է նյութապես աջակցել բոյկոտ իրականացնող քաղաքացիներին։ Դա հավելյալ լծակ է, որ քաղաքացիներն առանց վարանման միանան բոյկոտի գործողություններին։ Փետրվարի 1-ին քիչ ժամանակ է մնացել, օրը կգա ու կտեսնենք հանրային արձագանքը։ Հուսով եմ՝ բոյկոտը համատարած կլինի»,- ասել է Չալաբյանն ակցիայի ժամանակ։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Նոյեմբերի 3-ին Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։ Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին ընդունել էր տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։
2024-ի դեկտեմբերին ավագանին որոշել էր գործող 100 դրամ ուղեվարձն էլեկտրոնային վճարման դեպքում պահպանել մինչև փետրվարի 1-ը։
Հունվարի 15-ին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտնել էր, որ Մարությանը 76 հազար ստորագրություն է հավաքել ընդդեմ հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման։
Մարությանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հունվարի 19-ին կոչ էին արել փետրվարի 1-ից բոյկոտել մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը։