Քննարկման է դրված Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովության լավարկված տարբերակը, 2024թ․ ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարի խոսքով՝ փորձում են ծրագրի շրջանակում մեծացնել գնողականությունը, համայնքների շրջանակը, հողամաս ձեռք բերելու հնարավորությունը և այլն։
«Այս նախագծերը, ըստ էության, շրջանառում ենք շահառու խմբերի հետ՝ տարբեր ֆորմատներով, տարբեր քննարկումներ ունենալուց հետո։ Բնականաբար, արդյունքից գոհ չենք, քանի որ ավելի քիչ մարդիկ են դիմում, սակայն հետքայլ չենք անելու։ Ծրագրի պարտադիր պահանջ է շարունակելու մնալ ՀՀ քաղաքացի դառնալը»,- նշել է Մկրտչյանը։
Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կրկին կվերադառնան աջակցության ծրագրերին, որպեսզի հասկանան, թե ի՞նչ քայլեր պետք է կատարել դրանք առավել ներառական դարձնելու համար։
2024թ․ հունիսի 15-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը։ 2024-ի մայիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր արցախցիներին աջակցելու կառավարության նոր ծրագրի մասին։
2024թ․ մարտի 5-ին ԱՍՀ մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ կառավարության առաջիկա նիստերին կքննարկվի արցախցիներին տրամադրվող աջակցության նոր ծրագիրը։
Մկրտչյանը փետրվարի 28-ին հայտնել էր, որ աջակցության ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակապահովության հնարավորություն չի տրվել։ Հոկտեմբերից փետրվար յուրաքանչյուր արցախցու բնակարանների և կոմունալ վճարումների համար 40 և 10 հազար դրամի չափով աջակցություն է տրվել։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 2024թ․ փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ քննարկում են բնակարանային ապահովման ծրագիր, որով 3 մլն դրամ կհատկացվի յուրաքանչյուր արցախցու, ով ՀՀ քաղաքացիություն կընդունի։