Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք է գործարկվել, հայտնել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
Գրասենյակը www.freearmenianhostages.net և www.freearmenianhostages.am կայքերը գործարկել է Բաքվում հայ գերիների դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ։ Այն երկլեզու է՝ հայերեն և անգլերեն։
«Կայքը կարող է օգտակար լինել Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինչպես հայկական, այնպես էլ օտար կազմակերպությունների համար՝ իբրև տեղեկատվական շտեմարան»,- ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Գրասենյակից հավելել են, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը տարբեր ուղղություններով շարունակում է աշխատանքը՝ Բաքվում սպասվող դատական գործընթացի հանդեպ միջազգային ուշադրության առարկայացման և պահվող անձանց տունդարձի աշխատանքներին նպաստելու համար։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հունվարի 17-ին կմեկնարկի Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի և Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի գործով դատաքննությունը։
Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բաքվի բանտում պահվող արցախյան ռազմական և քաղաքական ղեկավարության գործը փոխանցվել էր դատարան։ Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը: 2024-ի դեկտեմբերի 28-ին Բաքուն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկել էր զինվորական դատարան։
Բաքուն 2024-ի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում Արցախի նախկին ղեկավարներն են։ 2023-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Վարդանյանին, ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։