Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է նոյեմբերի 23-ին ԱՄՆ իր գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը, հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Կոստանյանի խոսքով՝ քաղաքապետը նաև հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքե՞ր են պատասխանատու նշված ծախսերի համար:
«Նշված հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հընթացս տեղեկատվություն կտրամադրեմ»,- գրել է խոսնակը:
Դեկտեմբերի 18-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն Ավինյանի հետ հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել էր քաղաքապետի՝ Լոս Անջելես այցի արժեքը։ Ըստ Մարությանի՝ Ավինյանի՝ ԱՄՆ տոմսի արժեքը կազմել էր 7,65 մլն դրամ (20 հազար դոլար)։ Ավինյանը դեկտեմբերի 23-ին հայտարարել էր, որ տեղյակ չէ տոմսերի արժեքից և խոստացել էր գումարը վերադարձնել բյուջե։






































