ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին» նվիրված ոսկե հուշադրամ, հայտնում է բանկի կայքը։
10 հազար դրամ անվանական արժեքով հուշադրամի էսքիզների հեղինակներն են եղել Վարդան Վարդանյանը և Կարեն Մելիքյանը։ Հուշադրամի վրա պատկերված է ֆրանսիացի շանսոնյեի հուշարձանը Գյումրիում, երաժշտի դիմանկարը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների, դաշնամուրի ստեղների և խոսափողի տեսքով, ասվում է հաղորդագրության մեջ։
Լեհական դրամահատարանում հատվող մետաղադրամների շրջանառությունը 500 օրինակ է։
2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշել էր Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները ներառել 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և հայտնի մարդկանց հոբելյանների օրացույցում։ Ի պատիվ շանսոնյեի տարեդարձի՝ Ելիսեյան դաշտերում գտնվող Place Ledoyen-ի մի մասը կվերանվանվի Շառլ Ազնավուրի այգի։ Աշխարհահռչակ շանսոնյեի հուշարձանի համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր բաց մրցույթ, որի արդյունքում մասնագիտական ժյուրին ընտրել էր Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունը։