Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման, հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի իր ուղերձում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն։
Վարդապետի խոսքով՝ հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայում էլ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։
«Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան»,- գրել է Վեհափառը։
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վաղ առավոտից մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկից առաջ մասնակիցները, ավանդույթի համաձայն, այրել էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։