Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ձյան ծածկի առավելագույն բարձրությունն Արագածի մերձգագաթային մասում կազմում է 156 սմ, Ջերմուկում՝ 85 սմ, Ամբերդում՝ 75 սմ, Մարտունիում՝ 58 սմ, մյուս լեռնային մարզերում՝ 20-50 սմ, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
Նշվում է, որ հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են դիտվել առատ տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Ըստ աղբյուրի, հանրապետության առանձին շրջաններում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։ Այսօրվա դրությամբ՝ բոլոր մարզերում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման և հիմնականում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում մինչև՝ 276 տոկոսը։
Կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 20-ի կեսօրից հետո տեղումները կարճ ժամանակով կդադարեն, սակայն մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումները կվերսկսվեն, որոնք լեռնային մարզերում կրկին կլինեն ձյան տեսքով։