Թմրամիջոցներ վաճառող խանութ-հարթակներին և տելեգրամյան ալիքներին ՀՀ-ում գրանցված բաժանորդների քանակը գերազանցել է 50.000-ը, այս մասին ՀՀ քննչական կոմիտեի 9-ամյակին և ՀՀ ՔԿ ծառայողի օրվան նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
«Միայն ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով հայտնաբերված և շրջանառությունից հանված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցել է 400 մլն ՀՀ դրամը, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում ստացված հնարավոր ֆինանսական միջոցների ծավալը գերազանցել է 3 մլրդ ՀՀ դրամը: Բացահայտվել է սոցիալական ցանցերում գրանցված 49 խանութ-հարթակ, որոնցից միայն մեկով գործունեություն են ծավալել թմրանյութերի վաճառքով զբաղվող 65 տելեգրամյան ալիքներ: Նշված վարույթներով խանութ-հարթակներին և տելեգրամյան ալիքներին ՀՀ-ում գրանցված բաժանորդների քանակը գերազանցել է 50.000-ը: Հայտնաբերվել են 6 լաբորատոր պայմաններով կահավորված սենյակներ, որտեղ պատրաստվել և հարթակներին են մատակարարվել թմրամիջոցներ»,- ասել է նա։
Քյարամյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քննվել է 4029 քրեական վարույթ, մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: