Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակաադրբեջանական» հայտարարությունները Մարսելի հայերի հետ հանդիպմանը։
«Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Մակրոնի երևակայության արգասիքն են։ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել»,- ընդգծել են նախարարությունից։
Մակրոնի հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ «նա գործիք է Ֆրանսիայում հայկական լոբբիի ձեռքին», ասում են Բաքվում։
«Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու ֆոնին Մակրոնի կողմնակալ հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Մակրոնը Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի հարցում Ֆրանսիայի վճռականության մասին։ «Ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և շարունակելու եմ Ալիևի վրա, քան ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես միակն եմ, ով Արցախի հարցում հստակ դիրքորոշում ու ուղերձ ունի։ Չկասկածեք իմ վճռականության մեջ Արցախի և ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Ես կշարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե միջազգային ընտանիքում գրեթե միակը լինեմ այս օրակարգով»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։